Մամուլի հաղորդագրություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ձևավորվել է 2013թ.՝ նպատակ ունենալով վերահսկելու համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքէջն է https://www.citizenobserver.am/:

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արդեն իսկ էական աշխատանք է կատարել ընտրական գործընթացի նկատմամբ դիտորդական առաքելության էությունն ու բովանդակությունը նոր մակարդակի բարձրացնելու, դիտորդության նոր չափանիշներ սահմանելու, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության հետաքրքրությունը բարձրացնելու ու այդ գործընթացներում հանրության ներգրավվածությունը խթանելու, ընտրական գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու, ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով բողոքարկման նոր մշակույթ  ներդնելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության/հեղափոխության արդյունքում մեկնարկած կոռուպցիայի դեմ պայքարը և հատկապես այդ պայքարի թափը, ինչպես նաև, վերը նշված իրադարձություններով պայմանավորված, համաժողովրդական ոգևորությունն ակնհայտորեն նվազեցնում են սպասվող ընտրությունների ընթացքում տարիներ շարունակ կիրառված ընտրական իրավունքի խախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, քվեատուփի լցոնման, վերահսկվող քվեարկության, ուղղորդումների և այլնի ռիսկերը, քանի որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը  թևակոխում է ընտրական իրավունքի իրականացման և ընտրական գործընթացների նոր փուլ։

Նկատի ունենալով ասվածը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակելու է ընտրական օրենսդրության կատարելագործմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև այս նոր փուլում ձեռնամուխ է լինելու ընտրական գործընթացների դիտարկմանը նոր ձևաչափով ընտրությունների նշանակման օրվանից մինչև ընտրությունների արդյունքների վիճարկման համար սահմանված ժամկետի կամ վեճերի ավարտը: Դիտարկումն ընդգրկելու է ընտրական քարոզչությունն առհասարակ, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ռեսուրսների հասանելիության, լուսաբանման  հավասարակշռվածության, ընտրությունների ֆինանսավորման հարցերը, քաղաքական մրցակցության հավասարության և դրա բովանդակության, վարչական ռեսուրսի օգտագործման, դիտորդական առաքելությունների, կուսակցությունների, թեկնածուների, դրանց ներկայացուցիչների և վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների  աշխատանքները, դրանց օրինականության և արդյունավետության գնահատումը, ընտրական իրավունքին ոչ իրավաչափ միջամտության և ընտրական իրավունքի պաշտպանության (գործիքների և արդյունավետության) հարցերը:

2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն և «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն: