«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ. մայիսին` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Նախաձեռնության հիմնադիրներն են 4 հասարակական կազմակերպություններ` «Իրավունքի Եվրոպա միավորում»,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»,  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»  և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հկ-ները: Այժմ նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում»,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»,  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հկ-ները:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության նպատակն է ապահովել հանրային վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ և դիտարկելով Հայաստանում անցկացվող ընտրությունները` նպաստել դրանց ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը, կանխարգելել և արձանագրել քվեարկության ընթացքում ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները՝ նպաստելով ընտրական իրավունքի պաշտպանությանը և ժողովրդավարության կայացմանը Հայաստանում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում  դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները անցնում են հատուկ վերապատրաստման դասընթացներ:

Դիտորդական առաքելության առավել մեծ արդյունավետություն ապահովելու  նպատակով նախաձեռնությունն իրականացնում է հետևյալ մարտավարությունը. յուրաքանչյուր տեղամասում ընտրական գործընթացը դիտարկում է նախաձեռնության 2 անդամ` մեկը` որպես դիտորդ, մյուսը` որպես ԶԼՄ ներկայացուցիչ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հասարակական կազմակերպությունները, դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները ոչ միայն վերահսկում են օրինականությունը ընտրական տեղամասում, այլև հետագայում մասնակցում դիտարկված խախտումների կապակցությամբ բողոքարկման գործընթացին:

Նախաձեռնությունը ակտիվ մասնակցում է նաև ընտրական օրենսդրության վերլուծությանը, ընտրական գործընթացներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններին, իրականացնում է ռազմավարական դատավարություններ ընտրական գործընթացների կապակցությամբ և նպատակ է հետապնդում ընտրական իրավունքի զարգացման: Բացի դրանից՝ ընտրական գործընթացների և իրավունքի ոլորտում նախաձեռնությունը նպատակ է հետապնդում հանրային գիտակցության բարձրացման:

«Քաղաքացի դիտորդ»-ն առաջին անգամ դիտարկել է Երևանի ավագանու՝ 2013թ. կայացած ընտրությունները, ապա՝ 2014 թվականից առայսօր Հայաստանում անցկացված բոլոր ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն: